1 Kings 1
1 Դավիթ արքան տարիքն առել, ծերացել էր. նրան հագուստներով ծածկում էին, բայց նա չէր տաքանում։
2 Նրա սպասավորներն ասացին. «Մեր տիրոջ՝ արքայի համար մի կույս աղջիկ գտնենք, որ սպասավորի և հոգ տանի նրան, նրա հետ քնի, ու մեր տերը՝ արքան, տաքանա»։
3 Եվ Իսրայելի ողջ տարածքում գեղեցիկ մի աղջիկ որոնեցին ու գտան սունամցի Աբիսակին ու նրան բերեցին արքայի մոտ։
4 Աղջիկը շատ գեղեցիկ էր, տաքացնում էր արքային ու ծառայում նրան, բայց արքան չմերձեցավ նրան։
5 Ադոնիան՝ Ագիթի որդին, մեծամտանալով ասաց. «Ես պետք է թագավորեմ»։ Եվ նա կառքեր պատրաստեց ու հեծյալներ ձեռք բերեց, ինչպես նաև իր առջևից վազող հիսուն պահապաններ։
6 Հայրը նրան երբեք որևէ բան չէր արգելել՝ ասելով՝ «Ինչո՞ւ այդ արեցիր»։ Նա գեղեցկատես էր ու ծնվել էր Աբեսաղոմից հետո։
7 Նա խորհրդակցեց Շարուհիի որդի Հովաբի և Աբիաթար քահանայի հետ, ու նրանք համախոհ եղան Ադոնիային։
8 Սադովկ քահանան, սակայն, Բանեան՝ Հովիդայեի որդին, Նաթան մարգարեն, Սեմեին, Ռեին և Դավթի թիկնապահները Ադոնիայի հետ չէին։
9 Մի օր Ադոնիան ոչխարներ, եզներ ու գառներ մորթեց Զոողեթի Քարի մոտ, որը Ռովգելի երկրի մոտ է։ Նա կանչեց իր բոլոր եղբայրներին՝ արքայի որդիներին, և Հուդայի երկրի բոլոր երևելիներին՝ արքայի ծառաներին,
10 բայց Նաթան մարգարեին, Բանեաին, թիկնապահներին ու Սողոմոնին՝ իր եղբորը, չկանչեց։
11 Նաթան մարգարեն, խոսելով Սողոմոնի մոր՝ Բերսաբեեի հետ, ասաց. «Չե՞ս լսել, որ Ադոնիան՝ Ագիթի որդին, թագավոր է դարձել, և մեր տերը՝ Դավիթ արքան, այդ չգիտի։
12 Արդ, ե՛կ քեզ մի խորհուրդ տամ, որ փրկես քո և Սողոմոն որդուդ կյանքը։
13 Գնա մտի՛ր Դավիթ արքայի մոտ, խոսի՛ր նրա հետ և ասա՛. “Չէ՞ որ դու ինքդ, տե՛ր իմ արքա, երդվելով քո աղախնին, ասացիր՝ “Քո որդի Սողոմոնն է թագավորելու ինձնից հետո, նա է նստելու իմ աթոռին”։ Ուրեմն ինչո՞ւ է Ադոնիան թագավորել”։
14 Երբ կսկսես խոսել արքայի հետ, ես կմտնեմ ու կհաստատեմ քո խոսքերը»։
15 Բերսաբեեն մտավ սենյակ, արքայի մոտ։ Արքան շատ էր ծերացել, և սոմնացի Աբիսակն սպասարկում էր արքային։
16 Բերսաբեեն խոնարհվեց ու երկրպագեց արքային։ Արքան հարցրեց. «Ի՞նչ է խնդրանքդ»։
17 Նա պատասխանեց. «Իմ տե՛ր արքա, դու Տիրոջով՝ քո Աստծով երդվեցիր քո աղախնին ու ասացիր՝ “Քո որդի Սողոմոնն է թագավորելու ինձնից հետո, նա է նստելու իմ աթոռին”,
18 բայց ահա Ադոնիան է թագավորել, և դու, տե՛ր իմ արքա, այդ չգիտես։
19 Նա շատ արջառներ, ոչխարներ ու գառներ է մորթել, կանչել է արքայի բոլոր որդիներին, Աբիաթար քահանային ու զորքի հրամանատար Հովաբին, իսկ քո ծառա Սողոմոնին չի կանչել։
20 Տե՛ր իմ արքա, ողջ Իսրայելն սպասում է քո խոսքին, որ հայտնես նրանց, թե քեզանից հետո ո՛վ պիտի նստի իմ տեր արքայի աթոռին։
21 Այլապես եթե իմ տեր արքան գնա իր նախնիների մոտ, ես ու իմ որդի Սողոմոնը կդատապարտվենք»։
22 Մինչ նա խոսում էր արքայի հետ, եկավ Նաթան մարգարեն։
23 Արքային հայտնեցին. «Ահավասիկ եկել է Նաթան մարգարեն»։ Նա մտավ արքայի մոտ ու մինչև գետին երեսնիվայր գլուխ տվեց նրան։
24 Նաթանն ասաց. «Տե՛ր իմ արքա, դո՞ւ ես ասել՝ “Ադոնիան է թագավորելու ինձնից հետո և նստելու իմ աթոռին”։
25 Այսօր նա իջել է, մորթել բազում արջառներ, ոչխարներ ու գառներ, կանչել արքայի բոլոր որդիներին, զորքի հրամանատարներին ու Աբիաթար քահանային։ Նրանք ահա ուտում ու խմում են նրա մոտ՝ ասելով. “Կեցցե՛ Ադոնիա արքան”,
26 իսկ ինձ՝ քո ծառային, Սադովկ քահանային, Հովիդայեի որդի Բանեային և քո Սողոմոն ծառային չի կանչել։
27 Արդյո՞ք այս բանն իմ տեր արքայի հրամանով է կատարվել։ Սակայն դու քո ծառային չես հայտնել, թե իրենից հետո ո՛վ պիտի նստի իմ տեր արքայի աթոռին»։
28 Դավիթ արքան պատասխան տվեց՝ ասելով. «Ինձ մո՛տ կանչեք Բերսաբեեին»։ Նա մտավ նրա մոտ ու կանգնեց նրա դիմաց։
29 Արքան երդվեց՝ ասելով. «Կենդանի է Տերը, որ փրկել է իմ կյանքն ամեն նեղությունից։
30 Ինչպես երդվելով Տիրոջով՝ Իսրայելի Աստծով, ասել եմ՝ “Քո Սողոմոն որդին է թագավորելու ինձնից հետո, և իմ փոխարեն նա է նստելու իմ աթոռին”, այդպես էլ անելու եմ հենց այսօր»։
31 Բերսաբեեն երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց ու գլուխ տալով արքային՝ ասաց. «Հավիտյան կեցցե՛ իմ տերը՝ Դավիթ արքան»։
32 Դավիթ արքան ասաց. «Ինձ մո՛տ կանչեք Սադովկ քահանային, Նաթան մարգարեին ու Հովիդայեի որդի Բանեային»։ Նրանք եկան արքայի մոտ։
33 Արքան ասաց նրանց. «Ձեզ հետ վերցրե՛ք ձեր տիրոջ ծառաներին, իմ որդի Սողոմոնին իմ ջորու վրա նստեցրե՛ք և իջեցրե՛ք Գեհովն։
34 Սադովկ քահանան ու Նաթան մարգարեն այնտեղ նրան Իսրայելի թագավոր թող օծեն։ Եղջերափողե՛ր հնչեցրեք և բացականչե՛ք. “Կեցցե՜ Սողոմոն արքան”։ Ապա նրա հետևից գնալով՝ քաղա՛ք բարձրացեք,
35 և նա թող գա, նստի իմ աթոռին ու թագավորի իմ փոխարեն, քանզի ես եմ հրամայել, որ նա լինի Իսրայելի ու Հուդայի երկրի առաջնորդը»։
36 Հովիդայեի որդի Բանեան, պատասխան տալով արքային, ասաց. «Թող այդպես լինի, թող Տերը՝ Աստված, իմ տեր արքայի խոսքը հաստատի։
37 Ինչպես Տերն իմ արքա տիրոջ հետ էր, նույնպես թող լինի նաև Սողոմոնի հետ, թող բարձրացնի նրա աթոռն առավել, քան իմ տեր արքա Դավթի աթոռը»։
38 Սադովկ քահանան, Նաթան մարգարեն, Հովիդայեի որդի Բանեան, քերեթիներն ու փելեթիները եկան և Սողոմոնին նստեցրին Դավիթ արքայի ջորու վրա և նրան տարան Գեհովն։
39 Սադովկ քահանան յուղով լի եղջյուրն առավ խորանից և օծեց Սողոմոնին, եղջերափող հնչեցրեց, և ամբողջ ժողովուրդը բացականչեց. «Կեցցե՜ Սողոմոն արքան»։
40 Բոլոր մարդիկ եկան նրա հետևից, պարեր պարելով՝ մեծ ուրախություն արեցին, և երկիրը դղրդաց նրանց ձայնից։
41 Երբ Ադոնիան ու նրա բոլոր հյուրերն ավարտեցին ուտելը, լսեցին ուրախության աղմուկ-աղաղակը։ Հովաբը, լսելով եղջերափողի ձայնը, ասաց. «Այս ի՞նչ աղմուկ է բարձրացել քաղաքում»։
42 Մինչ նա խոսում էր, եկավ Աբիաթար քահանայի որդի Հովնաթանը։ Ադոնիան նրան ասաց. «Նե՛րս մտիր, քանի որ դու նշանավոր մարդ ես և բարի լուր ես տալու»։
43 Հովնաթանը պատասխան տվեց Ադոնիային՝ ասելով. «Հիրավի, մեր տերը՝ Դավիթ արքան, թագավոր դարձրեց Սողոմոնին։
44 Նա Սադովկ քահանային, Նաթան մարգարեին, Հովիդայեի որդի Բանեային, քերեթիներին ու փելեթիներին ուղարկեց նրա հետ, նրան նստեցրին արքայի ջորու վրա,
45 և Սադովկ քահանան ու Նաթան մարգարեն նրան թագավոր օծեցին Գեհովնում։ Ապա այնտեղից ուրախությամբ եկան, ու քաղաքը դղրդաց։ Ահա այդ ձայնն է, որ լսում եք։
46 Սողոմոնը նստեց արքայական գահին։
47 Արքայի ծառաները մտան, որ շնորհավորեն մեր տեր Դավիթ արքային։ Նրանք ասացին. “Թող Աստված քո Սողոմոն որդու անունը առավել մեծացնի, քան քո անունը, և նրա աթոռն առավել բարձրացնի, քան քո աթոռը”։ Արքան իր անկողնի մեջ գլուխ խոնարհեց՝
48 ասելով. “Օրհնյալ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որն այսօր իմ զավակին արժանացրեց իմ աթոռին, և իմ աչքերը դա տեսնում են”»։
49 Ադոնիայի բոլոր հյուրերը զարհուրեցին ու վեր կացան, և ամեն մեկը գնաց իր ճանապարհով։
50 Ադոնիան, վախենալով Սողոմոնից, ելավ գնաց ու զոհասեղանի եղջյուրներից բռնեց։
51 Սողոմոնին հայտնեցին՝ ասելով. «Ահա Ադոնիան վախեցավ Սողոմոն արքայից։ Նա բռնել է զոհասեղանի եղջյուրները և ասում է. “Թող Սողոմոն արքան այսօր ինձ երդվի, որ իր ծառային սրով չի սպանի”»։
52 Սողոմոնն ասաց. «Եթե նա առաքինի մարդ լինի, նրանից ոչ մի մազ չի պակասի ու գետնին չի ընկնի, իսկ եթե ուզենա չար գործ կատարել, կմեռնի»։
53 Սողոմոն արքան մարդ ուղարկեց, և Ադոնիային իջեցրին զոհասեղանից։ Ադոնիան եկավ, խոնարհվեց Սողոմոն արքայի առաջ, իսկ Սողոմոնը նրան ասաց. «Գնա՛ քո տունը»։